Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

  1. Ի՞նչ է բնությունը: Բնությունը-դա երկրագնդի բոլոր չորս ոլորտների՝ ջրոլորտի, քարոլորտի, մթնոլորտի և կենսոլորտի փոխազդեցությունն է, որոնք միասին կազմում են բնությունը:
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում։ Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ: Տեղում է անձրև, այնուհետև շողում է արեգակը, անձրևի ջուրը գոլորշիանում է և ցողի տեսքով նստում է քարերի և ապարների վրա, իսկ անձրևորդերը և խխունջները դուրս էն գալիս հողի տակից։
  1. Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները: Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Քամիները, աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր բնակավայրին բնորոշ է մուսսոնային կլիմայի տիպը։
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման ձևավորվում է ցամաքների վրա։
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, որոնք դիտվում են ծովափնյա շրջաններում: Ձմեռը ցուրտ է ու չոր։ Ամառը տաք է ու խոնավ։ Միջերկրածովային կլիմայի դեպքում ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ։ Այս կլիման բնորոշ է Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

Ամերիկայի հայտնագործումը. մաս 2

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե­տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու­նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ­նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա­րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:
  2. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:
  3. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար:
  4. Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:
  5. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի  պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի:

Ամերիկայի հայտնագործումը. մաս I

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը:

Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:
Որոշ ժամանակ անց նավա­խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր­վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա­ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ  էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը:

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Զամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
Պարզվում է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:
Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնաբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին:
Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Ապարներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

շինանյութ                 վառելիք                մետաղ     թանկարժեք քար      

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8898 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:


Անտարկտիդա

Մեծությամբ 5-րդն  է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են: